
Շնորհավոր տոնդ, հազարամյակների պատմություն ունեցող վարդագույն քաղաք։ Շնորհավոր Երևանի հիմնադրման օրը։ Դարերը չեն փոխել քո հմայքն ու տեսքը, այլ ավելի ես երիտասարդացել։ Հավերժական մեր ապագայի հույս՝ մեր սիրելի Երևան։ Այս տարի տոնը նշվեց «Սիրահարվելու քաղաք» խորագրով։
Քաղաքն անվանում են արևոտ, քանի որ տարվա մեծ մասը արևոտ ու տաք է լինում։ Այն գտնվում է Հայաստանի արևմուտքում՝ Հրազդան գետի երկու ափերին։ Այստեղ ապրում է 1 միլիոնից ավելի մարդ, որոնց 98 տոկոսը հայեր են։
Աշխարհի բոլոր նշանավոր քաղաքները, այդ թվում՝ Երևանը, ունեն իրենց խորհրդանիշները։ Երևանի խորհրդանիշները առաջին անգամ ներկայացվել են 2004 թ. հոկտեմբերի 13-ին, Օպերայի և բալետի ազգային ակադեմիայի դահլիճում՝ «Էրեբունի-Երևան» հանդիսավոր նիստի ժամանակ։ Միջոցառումը սկսվեց օրհներգով, պարզվեց դրոշը և ներկայացվեց զինանշանը։ Երևանի զինանշանի հեղինակն է Ալբերտ Սոխիկյանը։ Դրանում պատկերված է առյուծ, որը կանգնած է «Երևան» գրությամբ պատվանդանին, կրծքին՝ հավերժության նշանը, իսկ վերևում՝ Արարատ լեռը։ Ողջ պատկերը երիզված է ուղղանկյունաձև վահանակով, և գործածված են ծիրանագույնն ու բրոնզագույնը։ Երևանի հիմնը «Էրեբունի-Երևան»-ն է, որի բառերի հեղինակը Պարույր Սևակն է, իսկ երաժշտության հեղինակը՝ Էդգար Հովհաննիսյանը։ Դրոշը սպիտակ ուղղանկյուն է, որի կենտրոնում Երևանի զինանշանն է՝ շրջանակված 12 կարմիր եռանկյունիներով, որոնք խորհրդանշում են Հայաստանի պատմական 12 մայրաքաղաքները։ Դրոշի հեղինակներն են Կարապետ Աբրահամյանը և Կարապետ Փաշյանը։
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի որոշմամբ Երևանի օրը նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը։
Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, և այդ թանգարանի ամենաշքեղ զարդերից մեկը ԵՐԵՎԱՆՆ է՝ իր յուրօրինակ կոլորիտով ու բազմաթիվ հետաքրքիր պատմական կառույցներով՝ Մատենադարանը, Կասկադը, Ծիծեռնակաբերդը, Օպերայի և բալետի ազգային ակադեմիայի շենքը, Հանրապետության հրապարակը, Հյուսիսային պողոտան…
Ավանդազրույց կա Երևանի անվանակոչման մասին։ Աստվածաշնչում գրված է համաշխարհային ջրհեղեղի մասին, երբ 40 օր ու 40 գիշեր ջուրն ողողեց երկիրը։ Որոշ ժամանակ անց ջուրը կամաց-կամաց նվազում ու նահանջում էր։ Տապանը նստեց Արարատ լեռան վրա։ Նոյն տեսավ առաջին ցամաքը ու բացականչեց. «Երևաց, երևաց»։ Երևացողը ապագա Երևանի տեղն էր, դրա համար էլ քաղաքն անվանակոչել են Երևան։
2807 տարեկան Երևանը աշխարհի հնագույն քաղաքների շարքում է գտնվում։ Այն Հռոմից մեծ է 29 տարով, Բաբելոնի, Նինվեի ու Պերսեպոլիսի հասակակիցն է, որոնք անհետացել են աշխարհագրական ասպարեզից, իսկ Երևանը կանգուն է մինչ օրս։ Երևանը հազվագյուտ քաղաքներից է, որն ունի քարագիր ծննդյան վկայական։ Երևանի պատմությունը սկիզբ է առնում մ.թ.ա. 782 թվականից, երբ Արգիշտի Ա թագավորը հիմնադրեց ուրարտական Էրեբունի ամրոցը։ Արգիշտի արքան թողել է սեպագիր արձանագրություն, որը գտնվում է Էրեբունի թանգարանում. «Խալդի աստծո մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց մ.թ.ա. 782-ին և անվանեց Էրեբունի քաղաք՝ ի հզորություն Բիայնիլի երկրի և ի սարսափ թշնամիների»:
Տարբեր դարաշրջաններում Հայաստանն իր պատմության ընթացքում ունեցել է 12 մայրաքաղաք։ Դրանք են՝ Վան-Տուշպա, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Շիրակավան, Կարս, Անի, Երևան։
Երևանը դարձավ մայրաքաղաք 1918 թ. մայիսի 28-ին, երբ հռչակվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը։ Խորհրդային Հայաստանի մայրաքաղաք դարձավ 1920 թ. դեկտեմբերի 2-ին։ 1924 թվականին մեծ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը մշակեց Երևանի գլխավոր հատակագիծը։ Կառուցվեցին բազալտից, մարմարից ու գրանիտից շենքեր, բայց ամենատարածված շինանյութը վարդագույն տուֆն էր։ Հայկական տուֆը յուրահատուկ երանգ էր տալիս քաղաքին, և Երևանը սկսեցին անվանել վարդագույն քաղաք։ 1991 թ. սեպտեմբերի 21-ին Երևանը դարձավ ոչ միայն անկախ Հայաստանի Հանրապետության, այլև համայն հայության մայրաքաղաք։
Մայրաքաղաք Երևանը իր հիմնադրման 2807-ամյակը նշեց սիրառատ ու բարձր տրամադրությամբ։ Տոնը նշվեց «Էրեբունի-Երևան, Սիրահարվելու Քաղաք» խորագրով՝ շեշտադրելով այն սերը, ջերմությունն ու պատմությունը, որ փոխանցեց իր բնակիչներին ու հյուրերին։ Հոկտեմբերի 12-ին Երևանի տարբեր փողոցներում կազմակերպվել էին գեղեցիկ միջոցառումներ, փառատոններ ու համերգներ՝ հայտնի արտիստների մասնակցությամբ։ Երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ օրվա գլխավոր եզրափակիչ համերգը, որն ավարտվեց շքեղ ու պայծառ հրավառությամբ։
Չալթրի № 1 դպրոցի հայոց լեզվի
և գրականության ուսուցչուհի՝ Հռիփսիմե Վարդևանյան

Еревану исполнилось 2807 лет
С Днем рождения, Ереван! Древний розовый город, тебе исполняется 2807 лет. Века лишь усиливают твоё очарование, делая тебя моложе. В этом году праздник прошел под лозунгом «Город, в который влюбляешься».
Ереван называют солнечным, и не зря — большую часть года здесь стоит теплая погода. Город расположен на западе Армении, по обоим берегам реки Раздан. Здесь проживает более 1 миллиона человек, 98% из которых — армяне.
Как и все знаменитые города мира, Ереван имеет свои символы — герб, флаг и гимн. Герб, автором которого является Альберт Сохикян, изображает льва со знаком вечности на груди, стоящего на постаменте с надписью «Ереван» на фоне горы Арарат. Флаг представляет собой белое полотнище с гербом в центре, окруженным 12 красными треугольниками, символизирующими 12 исторических столиц Армении.
Согласно легенде о происхождении названия, Ной, увидев с вершины Арарата первую сушу, воскликнул: «Еревац!» (Она появилась!). Этой сушей была земля будущего Еревана.
Ереван — один из древнейших городов мира. Он на 29 лет старше Рима и ровесник Вавилона и Ниневии. Его история начинается с 782 года до н.э., когда царь Аргишти I основал крепость Эребуни, о чем сохранилась клинописная запись.
Ереван стал столицей Армении 28 мая 1918 года. В 1924 году архитектор Александр Таманян разработал генеральный план города, и Ереван начал приобретать свой знаменитый облик. Благодаря широкому использованию розового туфа его стали называть «розовым городом».
Свой 2807-й день рождения столица отметила с размахом. Концерты, фестивали и праздничные мероприятия прошли на разных улицах города, а грандиозный финальный концерт на площади Республики завершился красочным фейерверком.
Учитель армянского языка и
литературы школы №1 с. Чалтырь
Рипсиме Вардеванян
Вёрстка: редактор армянской полосы газеты «Заря» — диакон Мирон Гайбарян
Фото — https://i.pinimg.com/originals/86/24/0b/86240b9a5028ac9ca8a711ff53e89e81.jpg, https://cdn.globalinfo.az/2025/05/i-1-10.webp, https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c3/Coat_of_аrms_of_Yerevan.svg/1643px-Coat_of_аrms_of_Yerevan.svg.png









