
Նոյեմբերի 29-ին Մյասնիկյանի շրջանի Չալթր գյուղի №1 դպրոցը նշեց իր 90-ամյա հոբելյանը։ Օրը պատահական չէր ընտրվել. 1941թ. նոյեմբերի 29-ին տեղի էր ունեցել Դոնի Ռոստովի առաջին ազատագրումը ֆաշիստական Գերմանիայից, որը Հայրենական մեծ պատերազմի առաջին խոշոր հաղթանակն էր։ Հոբելյանական երեկոն կազմակերպվել էր «Հրազդան» կինոթատրոնի դահլիճում, որ լեփ-լեցուն էր պատվավոր հյուրերով, ուսուցիչներով, աշակերտներով ու շրջանավարտներով։ Ամենուրեք տիրում էր բարձր տրամադրություն. տարբեր տարիների շրջանավարտներ եկել էին ոչ միայն տոնելու, այլև սրտի խոսքն ասելու հարազատ դպրոցին ու իրենց դաստիարակներին։ Բոլորը ոգևորված էին, ուրախությամբ ողջագուրում էին իրենց նախկին ուսուցիչներին ու դասղեկներին։ Դահլիճում տիրող ջերմ մթնոլորտը կարծես բարի կախարդական աշխարհ էր ստեղծել, որտեղ տարբեր սերունդներ հավաքվել էին մեկ մտքի շուրջ՝ «Հարազատ դպրոցի 90-ամյա հոբելյանը» նշելու համար։
Չալթրի №1 միջնակարգ դպրոցը հիմնադրվել է անցյալ դարի 30-ական թվականներին՝ 1935 թվականին, Կրթության բաժնի պետ Խաչիկ Տիրացույանի և դպրոցի առաջին տնօրեն Ղունկիանոս Այդինյանի նախաձեռնությամբ։ Այնտեղ բոլոր առարկաները դասավանդվում էին հայերեն լեզվով։ Սակայն մի քանի տարի անց սկսվեց Հայրենական մեծ պատերազմը։ 1940-1941 ուսումնական տարին դպրոցն ավարտեցին 50 շրջանավարտ։ Պատերազմի առաջին օրը՝ 1941թ. հունիսի 22-ին, նրանց հանձնվեցին ավարտական վկայականներ։ Այդպես սկսվեցին մեր պատմության և Չալթրի առաջին շրջանավարտների ամենադժվար ու ողբերգական օրերը։ Ուսուցիչների հետ միասին բարձր դասարանների աշակերտները մեկնեցին ճակատ, նվիրվելով հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։ Խիզախաբար կռվելով՝ պատերազմի դաշտում ընկան և անմահացան 7 ուսուցիչ ու 63 աշակերտ՝ բարձր պահելով Չալթրի №1 դպրոցի անունը։ Փառք ու պատիվ նրանց հիշատակին։
Կենդանի օրինակ է մեր դպրոցի շրջանավարտ, համագյուղացի, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, վետերան, Մյասնիկյանի շրջանի պատվավոր քաղաքացի Գալուստ Քրիստափորի Մագոյանը։ Այս տարի, 2025թ. մայիսի 9-ին, նա նշեց իր մեկ դարյա հոբելյանը։ Մեր դպրոցի աշակերտները ուսուցիչների հետ հաճախ են այցելում մեծ հերոսին և նրա կողմից ստանում հայրենասիրական դաստիարակություն։
Փոխվում են ժամանակները, և ժամանակների հետ փոխվում են նաև պահանջները։ Պատերազմը ծանր հետք էր թողել յուրաքանչյուր ընտանիքում։ Պետք էր վերականգնել ավերված գյուղերն ու քաղաքները, հաղթահարել սովը։ 1950թ. Չալթրի №1 դպրոցում բոլոր առարկաների ուսուցումը տեղափոխվեց ռուսաց լեզվի, իսկ հայոց լեզուն դարձավ առանձին առարկա։ Փառք Աստծո, մինչ օրս էլ մեր դպրոցում հայոց լեզվի դասաժամերը պահպանվել են։
Չալթրի №1 դպրոցը հրաշալի կրթօջախ է, որն ունի վաստակաշատ ու փորձառու 75 ուսուցիչներից բաղկացած աշխատակազմ։ Նրանք գործում են բացառիկ բանաձևով՝ ներդաշնակորեն համադրելով սերը աշակերտների, մասնագիտության և դպրոցի նկատմամբ։ Մանկավարժները սերունդներին կապող օղակն են, հասարակական ու պատմական փորձի կրողները։ Չէ՞ որ ուսուցիչն է, որ կապում է տարբեր ժամանակաշրջաններ և սերունդներին փոխանցում համամարդկային արժեքներ։
Դպրոցի տնօրինությունը պարբերաբար կազմակերպում է տարբեր ակցիաներ, օրինակ՝ «Ջուրը կյանք է» խորագրով, օգնում է մարտի դաշտում գտնվողներին՝ ուտելիք և դեղորայք հասցնելով նրանց։ Այսպիսով, հայրենասեր սերունդ է դաստիարակվում իրենց անմիջական մասնակցությամբ։ Դպրոցում բացվել է գյուղատնտեսական թեքումով դասարան, որի դասղեկը հարգարժան Նատալյա Վիկտորի Սեկիզյանն է։ Նա կարողանում է գտնել յուրաքանչյուր աշակերտի սրտի ու հոգու բանալին, ամենադժվար գործը դարձնել հեշտ, և հենց սա է նրա մեծ առաքելությունը։ Երկու օր առաջ նրա դասարանը տնօրենի հետ միասին գնացել էր շնորհավորելու դպրոցի նախկին՝ 11-րդ տնօրեն Մկրտիչ Ծերոնի Խեյղետյանին՝ նրա 95-ամյակի առթիվ։ Ծերացած տնօրենին ջերմ խոսքերով ու քաղցր նվերներով, իսկ բակում եղևնի տնկելով նշեցին հոբելյանը, ինչը շատ հուզիչ ու անմոռանալի էր։
Չալթրի №1 դպրոցում 2025-2026 ուսումնական տարին հաշվվում է 864 աշակերտ։ Դպրոցի տնօրենն է Խեյղետյան Իլյա Յուրևիչը՝ երիտասարդ, բայց հեռատես ու խորիմաստ անձնավորություն։ Ուսմասվարներն են՝ Աթոյան Աննա Սիմոնովնան՝ դպրոցի ջերմ արևը, խիստ ու պահանջկոտ մասնագետ; Կիլաֆյան Ելենա Անդրանիկովնան՝ բարությամբ պատված և իր գործի ուղն ու ծուծն իմացող մարդ; Խռխռյան Վարդիթեր Վլադիմիրովնան՝ միշտ զբաղված ու գործունյա՝ անընդհատ միջոցառումների շրջանակներում։ Դպրոցի հոբելյանական միջոցառումը վարել է հենց նա՝ բարձր մակարդակով և հիշարժան։
Ես՝ Հռիփսիմե Անդրանիկի Վարդևանյանս, մոտ 15 տարի է աշխատում եմ Չալթրի №1 դպրոցում՝ դասավանդելով հայոց լեզու և գրականություն։ Պատկանում եմ օտար լեզուների ամբիոնին, որի ղեկավարն է Վալենտինա Արմենակովնան՝ տարիների մեծ մանկավարժական փորձ ունեցող անձնավորություն, հավաքական կերպար, որն իր շուրջը համախմբելով տասնյակ տարբեր տարիքի ուսուցիչների, կարողանում է ստեղծել միություն, որտեղ հաճելի է գտնվել։ Այդ ծաղիկների բույր ունեցող ամբիոնում աշխատում են՝ Ոսկեհատ Լուսեղենի Դոլոբայանը (նա նաև հայոց լեզվի մեթոդական միության նախագահն է՝ հիանալի գործընկեր և ոսկե հատկություններով օժտված մարդ), անգլերենի ուսուցիչներ՝ Անահիտ Ալեքսանդրովնան (համեստ ու զուսպ), Մարինա Ալեքսանդրովնան (իմաստուն ու խոհեմ), Մարինա Վաչագանովնան (ժպտերես ու աշխույժ), Ռոզա Արշալույսովնան (զուսպ ու աշխատասեր), Լենա Հակոբովնան (ձգտող ու հասնող), Գայանե Ձերոնովնան (սկսնակ ու բարի)… Օտար լեզուների ամբիոնը յուրահատուկ է, որտեղ բոլորը մեկը մյուսին համալրում են, և որտեղից միշտ կարելի է օրինակ վերցնել։ Բուրումնավետ մանկավարժական այս փունջը, որ նրբագեղ ճաշակով է հավաքված, անկասկած Վալենտինա Արմենակովնայի հրաշալի ձեռագիրն է, որն օրինակ է ծառայում ամբողջ դպրոցին։
Ցանկանում եմ մի քանի խոսք ասել նաև նախկին տնօրեն Ալլա Գրիգորի Խասպեկյանի մասին։ Ինձ համար մեծ պատիվ է աշխատել նման մարդկանց հետ ու նրանցից օրինակ քաղել։ Մեծարգո Ալլա Գրիգորի Խասպեկյանը մեր դպրոցի սիրտն էր. նա միշտ օգնում էր բոլորին, նկատողություններ անում փափուկ ու նուրբ, ինչը ավելի շատ ուժ էր տալիս բացթողումները շտկելու համար։ Նա մեծ սիրով միշտ ներկա էր գտնվում հայոց լեզվի բոլոր միջոցառումներին, մասնակցում Կրասնոդարի երկրամասի հայոց լեզվի օլիմպիադաներին ու հայկական համերգներին։ Նա իր ստեղծագործական մտածողությամբ, հմտությամբ ու հարուստ պաշարով միշտ աջակցել է մեզ։ Չէ՞ որ Մյասնիկյանի շրջանի բնակչության մեծամասնությունը Անիից գաղթած հայեր են։ Նրանց համար իրենց մայրենի լեզուն նույնքան կարևոր է, որքան արյունն՝ մարդու գոյության համար։ Հավատքով հարուստ ու դիմացկուն՝ կյանքի դժվար պայքարներին տեղացի հայերը՝ անեցիները, գաղթել են Ղրիմ՝ իրենց հետ տանելով խաչքարեր, ձեռագիր մատյաններ ու մշակութային եզակի նմուշներ։ Մոտ 450 տարի ապրելով Ղրիմում՝ զարգացնելով ու ծաղկեցնելով քաղաքներն ու գյուղերը, այգիներն ու դաշտերը, ռուս-թուրքական պատերազմներից հետո Եկատերինա II կայսրուհու հրամանով, գեներալ Սուվորովի ուղեկցությամբ, 12598 հայ գաղթեցին Դոնի ափեր։ Ճանապարհին բազում դժվարություններ կրելով՝ ցուրտ, քամի, շոգ, սով, ծարավ, հիվանդություններ, հարազատներին թաղելով՝ նրանց միայն մեկ երրորդն է հասել Դոնի ափեր։ Ուժեղ կամքով այս ժողովուրդը նորից սկսեց զրոյից և աշխատասիրության շնորհիվ հասավ իր նպատակներին։ 800 տարի հեռու ապրելով պատմական հայրենիքից՝ մինչ օրս նրանք պահպանել են եզակի անեցիների բարբառը, մշակույթն ու ավանդույթները։ Այսպիսի տաղանդավոր ուսուցիչների շրջանում աշխատելը մեծ պատիվ է։ Լավագույն ուսուցիչները սովորեցնում են սրտով, ոչ թե միայն գրքից։ Չէ՞ որ մեր ուսուցիչների ու աշակերտների համագործակցության շնորհիվ շատ շրջանավարտներ դարձել են պատվավոր քաղաքացիներ, պետական պաշտոնյաներ, հիանալի մասնագետներ։ Կրթությունն ամենահզոր զենքն է աշխարհը փոխելու, նոր հնարավորությունների դռներ բացելու համար։ 90-ամյա հոբելյանը ևս մեկ անգամ ապացուցեց, թե որքան մեծ ու արժանի մարդիկ են դուրս եկել և դեռ կգան Չալթրի №1 դպրոցից՝ բարձր պահելով Մյասնիկյանի շրջանի պատիվը։
Ինչպես չեխ մեծ մանկավարժ Յան Ամոս Կոմենսկին է ասել ուսուցչի մասնագիտության մասին. «Այնքան հրաշալի է, որ արևի տակ նմանը չկա»։ Եկեք միացյալ ուժերով ձգտենք մեկ նշանաբանի՝ «Առաջին դպրոցը՝ առաջին տեղում»։
Չալթրի №1 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի՝
Հռիփսիմե Անդրանիկի Վարդևանյան
Школе №1 с. Чалтырь 90 лет
29 ноября школа №1 села Чалтырь Мясниковского района отметила свой 90-летний юбилей. Дата выбрана не случайно — она совпадает с годовщиной первого освобождения Ростова-на-Дону от немецко-фашистских войск 29 ноября 1941 года. Торжественный вечер, собравший выпускников разных лет, учителей и учеников, прошёл в переполненном зале кинотеатра «Раздан» в атмосфере тепла и единения.
Школа была основана в 1935 году. Её история тесно связана с судьбой страны. С началом Великой Отечественной войны многие учителя и старшеклассники ушли на фронт. 7 педагогов и 63 ученика пали в боях. Живым примером мужества остаётся выпускник школы, ветеран войны Калуст Христофорович Магоян, недавно отметивший свой 100-летний юбилей.
В послевоенные годы, в 1950-м, преподавание в школе было переведено на русский язык, но армянский язык и литература сохранились как отдельный предмет, что соблюдается и по сей день.
Сегодня это современный образовательный центр с 75 опытными педагогами и 864 учениками. Под руководством директора Ильи Юрьевича Хейгетяна школа ведёт активную учебную и патриотическую работу, организует различные акции.
90-летний юбилей — это свидетельство того, сколько достойных людей вышло из стен этой школы. Как говорил Ян Амос Коменский, профессия учителя прекрасна, как никакая другая под солнцем. Общими силами коллектив стремится к девизу: «Первая школа — на первом месте!»
Учитель армянского языка и
литературы школы №1 с. Чалтырь
Рипсиме Вартеванян
Перевод — Мерона Гайбаряна









