ՄԻ ԲԱՐԻ ԾԵՐՈՒԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ(ԲԱԳՐԱՏ ՓԱՅԼԱԿԻ ՓԻԼԻՊՈՍՅԱՆ)

       Վրաստան աշխարհում կա մի դրախտային անկյուն, որը կոչվում է Դամալա (նշանակում է թաքստոց)։ Դա Ջավախքի մարզի Ասպինձայի շրջանի տարածքում գտնվող միակ հայաբնակ գյուղն է։ Ջավախքը պատմական Հայաստանի տարածքն է եղել, որը հիշատակվում է դեռևս մ.թ.ա. 2-րդ հազարամյակում։ Անգամ Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն իր սեպագիր արձանագրություններում նշում է հայկական Ջավախքի մասին։ 1587թ. այն գրավում են օսմանյան թուրքերը և մտցնում են Չլդրի (Ախալցխա) նահանգի մեջ, իբրև առանձին գավառ։ 1828-1829թթ. ռուս-թուրքական պատերազմի արդյունքում այն միանում է Ռուսական կայսրությանը։ 1830թ. Արևմտյան Հայաստանի Էրզրումի, Բասենի, Ղարսի գավառներից 7300 հայեր արքեպիսկոպոս Կարապետ Բագրատունու գլխավորությամբ գաղթում են Ախալցխա և Ախալքալաք, հիմնադրելով 60 գյուղ և 50 եկեղեցի։ 28 ընտանիք Էրզրումի Գառանկոթ, Շիփիկ, Կերեկ և Ռաբատ գյուղերից տեղափոխվում են Դամալա։ Բազում դժվարություն կրած ժողովուրդն, առաջնահերթ կառուցում են փայտաշեն Սուրբ Խաչ եկեղեցին։ Շուրջ 200 տարվա պատմություն ունեցող գյուղը, հանձինս դամալեցիների, հոգևոր աժեքները բարձր է գնահատում։ Համախմբված դամալեցի բարերարների ներդրումներով, ովքեր իրենց նվիրատվությամբ, ջանք ու եռանդ չխնայելով, 2008թ. վերանորոգեցին եկեղեցին։ Հայաբնակ այդ գյուղն ունի աննկարագրելի բնություն՝ բարձրադիր բլուրներով, երեք կողմից շրջապատված խիտ անտառներով, եկեղեցիներով, մատուռներով, բերդերով ու սառնորակ աղբյուրներով։ Գյուղացիների հիմնական զբաղմունքն եղել է անասնապահությունը, հողագործությունը, որսորդությունն և մեղվաբուծությունը։

#общество

       1918թ. փետրվար ամսին թուրքերը հարձակվում են Ախլցխայի և Ախալքալաքի վրա, շրջափակում տեղի հայկական գյուղերը, ինչպես նաև Դամալան։ Խրոխտ դամալեցիները համախմբվում, վաշտ են կազմում և հերոսաբար կռվում են թուրքերի դեմ։ Ջախջախում են թշնամու զորքին, տալով 500 զոհ, բայց ազատագրում են ոչ միայն Դամալա գյուղը, այլ նաև շրջակա գյուղերը Ասպինձա քաղաքի հետ միասին։ 1918թ. փետրվար-մայիս ամիսների դամալացիների հերոսական պայքարը, մեր ազատագրական պայքարի վառ էջերից մեկն է, որը մեծ պատիվ է բերում Ջավախք աշխարհին։

       Հայրենական մեծ պատերազմի տարիներին վճռական մասնակցություն են ունեցել Ջավախքի հայ ժողովուրդը, նվիրաբերելով իրենց զավակների կյանքը Մեծ Հաղթանակի թանկ գործին։ Դամալեցիները նույնպես մեծ ներդրում ու ավանդ են ունեցել 1941-1945թթ. մարտերին։ Նրանք երբեք չսարսափեցին մահից, այլ քաջաբար կռվեցին ֆաշիստական Գերմանիայի դեմ։ Սա մի թեթև պատմական ակնարկ էր դամալեցիների մասին, ովքեր իրենց տարեգրությամբ ու պատմությամբ միշտ ունեցել են մարտական անկոտրուն ոգի։ Դրանցից են՝ Ավջի Գիքորը, Սահակը, Հակոբը, Ռաֆայելը, Ուսուլ Խաչոն, Ղարա Մադոն և շատ ուրիշներ։

       Հայրենական մեծ պատերազմի մասնակից է՝ Փիլիպոսյան Փայլակ Բագրատին, ով հաղթական ոգով տրամադրված հրաժեշտ է տալիս հայրենի բարձրաբերձ լեռներին, զմրուխտյա դաշտերին, ծնողներին և միանգամից նետվում կռվի հորձանուտ։ Նա արիաբար կռվեց, գերի ընկավ, բայց մինչ վերջ պայքարեց հանուն ազատագրման։ Ծանր ու արյունահեղ մարտեր տալով Լեհաստանի և Ուկրաինայի տարածքներում, նա ստացավ հերոսի կոչում, բայց մնաց հաշմանդամ։ 1944թ. տուն է վերադառնում վիրավոր՝ մի ոտքը կտրած, իսկ մյուս ոտքն էլ անաշխատող վիճակում։ Ամուսնանում է հավլաբարցի Մեսրոպյան Թամարայի հետ, ունենում են 8 զավակներ՝ Քնարիկ, Սեդա, Բագրատ, Լուսիկ, Սվետլանա, Ջուլիետա, Հռիփսիմե, Աշոտ։ Կինը՝ Թամարան, վաղարժամ մահանում է ավտովթարից։

       Երրորդ զավակը՝ Բագրատ Փայլակի Փիլիպոսյանն է, որը ծնվել է 1950թ. հուլիսի 15-ին Ջավախքի մարզի Դամալա գյուղում։ Հաշմանդամի ընտանիքում մեծացած որդին, որ միշտ հպարտանում էր նախնյաց գործերով ու արիությամբ, վառ է պահում նրանց հիշատակը։ Փոքրուց բազում դառնություններ է ճաշակել, տեսել նեղ ու մութ օրեր։ Նա 13 տարեկանից սկսել է գրել բանաստեղծություններ՝ հարազատ գյուղի, դժվար մանկության, ծնողների և հայրենիքի մասին։ Բագրատ Փիլիպոսյանն ամուսնացել է Թինա Բաբոյանի հետ, կազմել մի հրաշալի հայկական ավանդապաշտ ընտանիք։ Ընտանիքում թագավորել է սերն ու հարգանքը միմյանց նկատմամբ, ունեցել են՝ Աղավնի, Նունե և Աղասի զավակները։ Կյանքից վաղարժամ հեռացել է սիրելի կինն անբուժելի քաղցկեղից։ Բանսատեղծությունը «Թինայիս» անչափ հուզիչ է, որտեղ բանաստեղծը կնոջը համեմատում է վարդի հետ, ասելով որ մայիս ամսին են բացվում անուշաբույր վարդերը, իսկ դու թոռոմեցիր հենց այդ ամսին։ Ճակատագրի դաժան ապտակները տեսնելուց հետո, 2002թ. Բագրատ Փայլակի Փիլիպոսյանը բռնում է գաղթի ճամփան և հաստատվում է Չալթր գյուղում։ Ես՝ Հռիփսիմե Անդրանիկի Վարդևանյանս անձամբ ծանոթ եմ այս բարի ծերուկի հետ։ Նա աշխատում է մրգերի և բանջարեղենների խանութում, հաճախ եմ հանդիպում նրան։ Նա միշտ ժպտադեմ դիմավորում է և ամենաընտիր միրգը հյուրասիրում։ Չնայած բախտի գույները կյանքում եղել են խամրած, բայց նա մնացել է պայծառ ու լուսավոր մարդ։ Միշտ հաճելի է նրա հետ զրուցել՝ հայրենիքի, Ջավախք աշխարհի և Չալթրի մասին։ Մի քանի բանաստեղծություններ ես կնշեմ ներքևում, և դուք կզգաք, թե բանաստեղծն ինչքան է սիրում Չալթր գյուղը։ 2022թ. Չալթրում լույս է տեսել Բագրատ Փիլիպոսյանի բանաստեղծությունների ժողովածուն, որը մեծ գանձ ու ժառանգություն է նրա զավակների, թոռների և ծոռների համար։ Գիրքն, վերահրատարակման կարիք ունի, որոշ վրիպումների շտկման և նոր գրած բանաստեղծություններն ավելացնելու նպատակով։ Ինչքան էլ կյանքը դժվար լինի, սովորեցեք ապրել ուրախ ու զվարթ, ընտրել պայծառ ու լուսավոր գույներ, ճակատագրի բնապատկերը վառ դարձնելու համար։ Օրինակ վերցնել կյանքի մեծ փորձ ունեցող 75-ամյա բարի ծերուկից՝ ԲԱԳՐԱՏ ՓԱՅԼԱԿԻ ՓԻԼԻՊՈՍՅԱՆԻՑ, ծնված Դամալայում, ապրած Ախալցխայում և ծերությունը վայելող ՎԵՀ ՉԱԼԹՐՈՒՄ…

 ՉԱԼԹՐ

 Դու աննման ես, Չալթր իմ սիրուն,

 Գեղեցիկ մայր ես ձմեռ, թե գարուն,

 Ինչքան քեզ երգեմ, երջանիկ ժպտա,

 Ես քեզանից կարոտ կերթամ։

Չեմ կշտանա քո սիրուց, կարոտից,

Քո գիրկն ընկա որբացած մորից,

Մայր դարձար դու ինձ, գրկեցիր նորից,

Գոհ եմ բոլորից, մեծից թե փոքրից։

Օրհնություն տվիր ինձ մոր պես հարազատ,

Որ իմ վերքերը մի քիչ հովանա,

Քո քաղցր սիրով կապրեմ ես ազատ,

Ով քեզ ուրանա, ջահել ծերանա։

ԻՄ ՎԵՀ ՉԱԼԹՐ

Վառ ժպիտով ջինջ հավատով

Թռչում եմ քեզ գիրկդ բաց

Այրում ես ինձ քո կարոտով

Իմ Չալթր, իմ լուսաբաց։

Ձեզ իմ հոգում հավիտյան

Ունենալու համար եմ ծնվել,

Եվ սուրբ սերս Ձեր գրկում

Զովանալու համար եմ ծնվել։

Ես Ձեր փառքի համար,

Կռվելու համար եմ ծնվել,

Ձեզ լույս տալու համար,

Այրվելու համար եմ ծնվել։

Եթե հոգնեմ աշխարհից իսպառ,

Ձեզ սիրելու համար եմ ծնվել,

Չի հոգնի հոգիս անունդ տալուց,

Ձեզ պես վեհ ապրելու համար եմ ծնվել։

Չալթրի №1 դպրոցի հայոց լեզվի և գրականության

ուսուցչուհի՝ Հռիփսիմե Վարդևանյան

Баграт Пайлакович Пилипосян

       Баграт Пайлакович Пилипосян родился 15 июля 1950 года в селе Дамала Джавахкской области. Он вырос в семье отца-инвалида, который всегда гордился делами предков, их мужеством и хранил память о них. С детства Баграту довелось испытать немало горечи и увидеть трудные, темные дни. Уже с 13 лет он начал писать стихи о родном селе, нелегком детстве, родителях и Родине.

       Столкнувшись с жестокими ударами судьбы, в 2002 году Баграт Пайлакович Пилипосян решил эмигрировать и поселился в селе Чалтырь Ростовской области. Хотя краски удачи в его жизни померкли, он остался ярким и светлым человеком. С ним всегда приятно поговорить о Родине, Джавахке и Чалтыре. В 2022 году в Чалтыре вышел в свет сборник стихов Баграта Пилипосяна. Эта книга стала большим сокровищем и бесценным наследием для его детей, внуков и правнуков.

       Какой бы сложной ни была жизнь, учитесь жить весело и жизнерадостно, выбирайте яркие краски, чтобы пейзаж вашей судьбы был прекрасным. Достойный пример тому — 75-летний Баграт Пайлакович Пилипосян, добрый старец с огромным жизненным опытом: родившийся в Дамале, живший в Ахалцихе и ныне наслаждающийся старостью в благодатном Чалтыре.

Заря