ՌԱՖԱՅԵԼ ՊԱՏԿԱՆՅԱՆԻ 195-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ

«Ազատությունը չի շնորհվի։

#Газета

Այն կամ կխլվի քաջությամբ,

կամ կվաստակվի ջանք ու ճիգով։ Շնորհված ազատությունը, ինչպես և ստացված փողը, շատ վատ է գնահատվում և շատ շուտ կորցվում։

Հայն երջանիկ կարող է լինել միայն Հայաստանի մեջ, վասնզի ամեն տեղ հալածված ու արհամարված պանդուխտ է, և միայն Հայաստանի մեջ նա պատվավոր մարդ է մարդկության աչքին»։

Ռաֆայել Պատկանյան

       Ժողովրդի կողմից սիրված, ազգային պարծանք դարձած՝ Ռաֆայել Գաբրիելի Պատկանյանը 19-րդ դարի մեծագույն գրողներից էր, որի անունը դղրդում էր Րաֆֆու անվան հետ հավասար։ Նրան միշտ հուզել է հայրենիքի ազատագրման խնդիրը, իսկ նպատակը միշտ եղել է ծառայել հայրենի երկրին։ Նրա համբավն ու հռչակը խոր հետք է թողել հայ ժողովրդի գիտակցության մեջ։ Նա ապրեց ազգային ոգևորման ու զարթոնքի մի շրջանում, իր քնարը դարձրեց շեփոր ու համարձակ պաշտպանեց հայի սրբությունները։

       Ռաֆայել Պատկանյանի գրած գործերը մոռացության մատնել հնարավոր չէ։ Անցնում է երկու դար, բայց դրանք չեն խամրում ու հնանում, այլ ժամանակ առ ժամանակ ասպարեզ են գալիս և ամենակարևոր պահին ժողովրդին ոտքի կանգնեցնում, ցույց տալով իր հանճարեղ, անմար ներկայությունը։ Ինչպես Արցախյան շարժման օրերին, երբ հայ ժողովուրդն երգում էր «Հիմի՞ էլ լռենք, եղբայր, հիմի՞ էլ» երգը։

       Նոր Նախիջևանում՝ գրող Գաբրիել Պատկանյանի ընտանիքում, 1830թ. նոյեմբերի 8-ին լույս աշխարհ է գալիս մեծ գրող Ռաֆայել Պատկանյանը։ Սկզբնական կրթությունը ստացել է հոր հիմնադրած դպրոցում։ Այդ նույն դպրոցում է սովորել նաև ազատության երգիչ Միքայել Նալբանդյանը։

        «Հայրս Նախիջևանի համար մի տեսակ բարոյական արեգակ էր, որ իր շուրջը սփռում էր լույս ու ջերմություն։ Այն ընդհանուր հարգանքը, որով շրջապատված էր հայրս, կարծես թե պիտի դարձներ նրան ինքնահավան, բայց նա մնաց միշտ համեստ։ Լինելով ազգային հոգեկերտվածքով օժտված, կարեկից անձնավորություն, որ նաև քահանա էր, եկեղեցական գումարով գնված հացահատիկով օգնել է ընչազուրկ գյուղացիներին», իր հուշերում նշել է Ռաֆայել Պատկանյանը։

       Մի ամբողջ դար Պատկանյանների տոհմը բացառիկ դեր է խաղացել հայ հասարակական մտքի առաջընթացի պատմության մեջ։ Այդ տոհմի տաղանդավոր ներկայացուցիչներն են՝ Սերոբե, Գաբրիել, Միքայել, Ռաֆայել և Քերոբե Պատկանյանները, որոնք անգնահատելի ծառայություն են մատուցել լեզվի և գրականության, դպրոցի, մանկավարժության, թատրոնի և հայ պատմագիտության զարգացման բնագավառներում։ Նրանք եղել են կենդանի նավավարներ, որ պատերազմել են բազմաթիվ ազգային փոթորիկների դեմ։ Պապը՝ Սերոբե Վարժապետը, հայտնի մանկավարժ և բանաստեղծ էր։ Հայրը՝ Գաբրիելը, գրող, մանկավարժ, թարգմանիչ և քահանա էր։ Հորեղբայրներ Քերոբեն ճանաչված հայագետ էր, իսկ Միքայելը՝ հայտնի դրամատուրգ, թատերական գործիչ և թարգմանիչ։ Ազգային մեծ նկարագիր ունեցող այս տոհմի շառավիղները շարունակում են ծառայել հայ ժողովրդին։

       Ռ. Պատկանյանը 1843-1849թթ. սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում։ Նրա ուսուցիչն էր հայ մեծ գրող Մկրտիչ Էմինը, որը խոր ազդեցություն է թողել նրա վրա։ 1852թ., իր ուսանող ընկերներ Գևորգ Քանանյանի և Մնացական Թիմուրյանի հետ, հիմնում է «ԳԱՄԱՌ-ՔԱԹԻՊԱ» գրական խմբակը։ Այդ անունը առաջացել է երեք ընկերների անունների և ազգանունների հապավումներից՝ ավելացնելով «ա» հոդակապը։ Այդ ընկերության նպատակն էր զարգացնել երիտասարդության մեջ ազգային գիտակցության գաղափարը, բուժել հային հուզող ցավերն ու վերքերը և պայքարել օտարացման երևույթի դեմ։ Նրանք հետաքրքիր նշանաբան ունեին. «Գրի՛ր այնպես, ինչպես խոսում ես, խոսի՛ր այնպես, ինչպես գրում ես»։

        «Արաքսի արցունքները» բանաստեղծությունը Ռաֆայել Պատկանյանի գլուխգործոցներից մեկն է։ Այն ասմունքում էին մեր հայրերը (օրինակ՝ իմ հայրը), պապերը և արտասանում մեծ ոգևորությամբ։ Հուզմունքով է հիշում բանաստեղծը իր մանկության օրերը, երբ Մայր Արաքսը զրուցում է հայ պատանու հետ և դառնությամբ պատասխանում նրա հարցերին։ Ամբողջ հայ ժողովրդի ողբերգությունն է արտահայտված այս բանաստեղծությունում, որտեղ զգում ես մեծ հայի իղձը։ Նա ճշգրիտ է խոսում ազգի ցավերի մասին. որ այրին ամուսնու մահից հետո պճնվելու իրավունք չունի, այլ պիտի պայքարի հանուն որդիների փայլուն ապագայի համար։ Հուզումնալից այս գործը ազգին հոգեհարազատ ու սրտամոտ դարձրեց բանաստեղծին, անմիջապես գրավեց ժողովրդի սիրտն ու միտքը։ Մեծ վիպասան Րաֆֆին այն անվանել է հայ պոեզիայի թագուհի։

       Հետագայում գրական խմբակը փակվում է, և Պատկանյանը նրա անունը դարձնում է իր կեղծանունը՝ Գամառ-Քաթիպա։

       Ռ. Պատկանյանը 1851թ. գալիս է Թիֆլիս և Ներսիսյան դպրոցում ստանձնում ռուսաց լեզվի ուսուցչի պաշտոն, որտեղ նրա հայրը՝ Գաբրիել քահանան, դպրոցի տնօրենն էր։ Հոր հիմնած «Արարատ» շաբաթաթերթում Ռաֆայելը տպագրում է իր բանաստեղծությունները։

       Ուսման ծարավը նրան հանգիստ չի տալիս, և նա, Խաչատուր Աբովյանի հետքերով, 1851թ. մեկնում է Դորպատ և ընդունվում տեղի համալսարանի պատմագիտության բաժին։ Սակայն նյութական ծանր պայմանների պատճառով մեկ տարի անց թողնում է Դորպատի համալսարանը։ 1854թ. ընդունվում է Պետերբուրգի համալսարանի արևելագիտության ֆակուլտետը, որն ավարտում է գիտության թեկնածուի  աստիճանով։ Այնտեղ նա «Մանուկ Հայաստան» և «Հյուսիս» թերթերի խմբակցության անդամ էր, որի նպատակն էր Հայաստանի ազատագրումը։

       Ռ. Պատկանյանը բազմաժանր հեղինակ է։ Արձակ գործերից է հանրահայտ «Չախու» պատմվածքը։ Այն անարդարության մասին պատմություն է, որտեղ ջրկիր Մարտիրոսին գող են անվանում՝ առանց ճշմարտությունը պարզաբանելու։ Սևացնել արդար մարդու անունը՝ առանց ճշմարտությունը բացահայտելու, մեծ անիրավություն է։ Ամոթից ազնիվ մարդը, թողնելով հարազատ երկիրը, գնում է ապրելու ուրիշ տեղ։ Արդարությունը պետք է ջրի երես հանել ճիշտ ժամանակին, ինչը ամուր բնավորության կարիք ունի։ Մինչև հոգու խորքը վիրավորված, արդար Մարտիրոսը գառ լինելու իրավունք չունի, որ գայլերն հոշոտեն և ուտեն։ «Լավ է աչքդ դուրս գա, քան անունդ» հայկական ասացվածքի գաղափարն է այս պատմվածքում։ Ցավոք, իրական կյանքում այսօր էլ հանդիպում ենք նման դեպքերի, ուստի Պատկանյանն արդիական է մինչ օրս։ Նա գրել է նաև բազմաթիվ մանկական բանաստեղծություններ, օրորոցային երգեր, պոեմներ, վեպեր։ Նա թարգմանել է Շեքսպիրի, Շիլլերի, Դանիել Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզո»-ն, Եզոպոսի առակները և այլ գործեր։

       1880թ. Պատկանյանը կնոջ՝ Օլյայի հետ միասին բացում է անապահով երեխաների համար անվճար արհեստագործական դպրոց՝ չորս տարվա ուսուցմամբ։ Նման ուսումնական հաստատությունը բացառիկ երևույթ էր հայ իրականության մեջ։ Աշակերտները սովորում էին տարբեր արհեստներ և ստանում ձրի սնունդ ու հագուստ։ Նպատակը գրագետ արհեստավորներ ունենալն էր, քանի որ ամբողջ ազգին բարձրագույն կրթություն տալը հնարավոր չէր։

       Ավարտելով իր գրական կարիերան՝ Պատկանյանը մեկնում է իր երկար տարիներ փափագած Հայաստան։ Սակայն իր պատկերացումները հայրենիքի նկատմամբ մի քիչ այլ էին. կարծես մտածում էր, որ նրան դիմավորելու են Տիգրաններ, Արշակներ, Արտաշեսներ…

       1892թ. Ռաֆայել Պատկանյանը մահկանացուն կնքում է ծննդավայրում՝ Նոր Նախիջևանում, և թաղվում է Սուրբ Խաչ եկեղեցու բակում։ Բանաստեղծի մահվան 10-րդ տարելիցին՝ 1902թ., Ամենայն Հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկի արտոնությամբ, Ռ. Պատկանյանի նվիրական գաղտնիքը՝ «Կտակ» բանաստեղծության բացահայտումով, Սուրբ Էջմիածնի Մայր Աթոռի Գևորգյան ճեմարանի բակում տեղադրում են բրոնզե կիսանդրին (Նոր Նախիջևանում գտնվողի կրկնօրինակը), որի վրա գրված են հետևյալ խոսքերը.

ԿՅԱՆՔՈՒՄՍ ՄԻ ՀԱՏ ՍԻՆ ՓԱՌՔ ՈՒՆԵՑԱ,

Ս. ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԹԱՂՎԵԼ ՑԱՆԿԱՑԱ.

ՍԻՐԵԿԱՆ ԻՄ ԱԶԳ, ԹԵ ԱՍՏՎԱԾ ՍԻՐԵՍ,

ԱՅՍ ԻՄ ՄԻ ՀԱՏԻԿ ԻՂՁԸ ԿԱՏԱՐԵՍ։

Չալթրի № 1 դպրոցի հայոց լեզվի

 և գրականության ուսուցչուհի՝ Հռիփսիմե Վարդևանյան

Թարգմանությունը՝ Մեռոն Հայպարյանի

К 195-ЛЕТИЮ РАФАЭЛЯ ПАТКАНЯНА

«Свобода не даруется. Её либо отвоюют мужеством, либо заслужат трудом и усилиями… Армянин может быть счастлив только в Армении, ибо везде он — гонимый и презираемый скиталец…»

Рафаэл Патканян

Рафаэл Патканян — великий армянский писатель XIX века, народный любимец, чьё имя звучало наравне с именем Раффи. Его творчество, посвящённое освобождению и служению родине, оставило глубокий след в сердцах армян.

Родился в 1830 году в Нахичевани-на-Дону в просветительской семье Патканянов. Учился в Московском Лазаревском институте, где под влиянием Мкртича Эмина и вместе с друзьями создал патриотический кружок «Гамар-Катипа», название которого позже стало его псевдонимом.

Вершиной его поэзии считается poemа «Слёзы Аракса», которую Раффи назвал «царицей армянской поэзии». Его знаменитый рассказ «Чаху» обличает социальную несправедливость и остается актуальным по сей день. Патканян также писал для детей, переводил мировую классику.

Будучи просветителем, он вместе с женой открыл бесплатное ремесленное училище для неимущих детей.

Своё знаменитое стихотворение-«Завещание» Патканян завещал открыть после смерти. В нём он выразил желание быть похороненным в Св. Эчмиадзине. Его воля была исполнена: через 10 лет после его кончины в Эчмиадзине был установлен его бюст.

Учитель армянского языка и литературы школы №1 с. Чалтырь: Рипсиме Андраниковна Вартеванян

Перевод – Мерона Гайбаряна

Фото — https://upload.wikimedia.org/wikivoyage/ru/8/8c/Бюст_Рафаэла_Патканяна_на_территории_Сурб-Хач.JPG

Заря